ԵԱՏՄ միջազգային պայմանագրերը և ակտերը
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր
2014 թվականի մայիսի 29-ին ք. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ Ավելի ուշ՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Պայմանագրին միացավ Հայաստանի Հանրապետությունը, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Ղրղզստանի Հանրապետությունը։ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ։ Պայմանագրի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, տնտեսության այն ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը, որոնք սահմանված են Պայմանագրով և ԵԱՏՄ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի թիվ 17 հավելվածը (Ֆինանսական ծառայությունների մասին արձանագրություն) կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետությունների այն միջոցառումների մասով, որոնք առնչվում են ֆինանսական ծառայություններին , ինչպես նաև ֆինանսական ծառայություններ մատուցողների հիմնադրմանը և (կամ) գործունեությանը։ Փաստաթղթի համաձայն՝ բանկային ոլորտում անդամ պետությունները ներդաշնակեցնում են վարկային կազմակերպությունների կարգավորման և վերահսկողության պահանջները՝ իրենց գործողություններում ղեկավարվելով լավագույն միջազգային փորձով և Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեի բանկային արդյունավետ վերահսկողության հիմնարար սկզբունքներով։
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգ
Հայեցակարգը մշակվել է 2019 թվականին՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի իրականացման նպատակով։ Այն սահմանում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման նպատակները, սկզբունքները, փուլերը, չափանիշները և հիմնական ուղղությունները, որը եվրասիական ինտեգրացիայի անբաժանելի մասն է։ Ընդհանուր ֆինանսական շուկան ձևավորվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների մատչելիության, որակի և տեսականու մակարդակի բարձրացման, ինչպես նաև անդամ պետությունների ֆինանսական հատվածի աճի և արդյունավետության բարձրացման, այդ շուկայում մրցակցության զարգացման ապահովման նպատակով։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավանդների ապահովագրման համակարգերի ներդաշնակեցման նպատակով համագործակցության մասին հուշագիր
Հուշագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների միջև 2019 թվականի փետրվարի 27-ին՝ Եվրասիական միության մասին պայմանագրի դրույթների իրականացմանը նպաստելու համար։
Հուշագրի նպատակներն են համագործակցության զարգացումը, տեղեկատվության փոխանակումը, միջազգային փորձի վերլուծությունը և ԵԱՏՄ անդամ պետություններում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեությունը կառավարող կազմակերպությունների համախմբված դիրքորոշման մշակումը, ինչպես նաև նրանց համագործակցությունը ԵՏՀ-ի, կենտրոնական բանկերի, գործադիր իշխանության մարմինների, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ։