Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալություն – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալություն

Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության, նրա մանդատի, խնդիրների և գործառույթների մասին

Ղրղզստանի Հանրապետությունում ավանդների պաշտպանության համակարգն ուղղված է երաշխավորման դեպք առաջանալիս բանկերի, միկրոֆինանսական ընկերությունների և բնակարանային-խնայողական վարկային ընկերությունների ավանդատուների պաշտպանությանը՝ «Բանկային ավանդների (դեպոզիտների) պաշտպանության մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքով նախատեսված գումարի չափով և եղանակներով հատուցումներ տրամադրելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր առմամբ բանկային համակարգի կայունությանը նպաստելուն։

Ղրղզստանի Հանրապետությունում ավանդների պաշտպանության համակարգի արդյունավետության ապահովման նպատակով գործում է Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալությունը։

Գործակալությունը իրավաբանական անձ է՝ անկախ ոչ առևտրային կազմակերպություն՝ օպերատիվ կառավարման իրավունքով, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, օժտված է «Բանկային ավանդների (դեպոզիտների) պաշտպանության մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքով և «Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության մասին» կանոնակարգով սահմանված լիազորություններով, իրավունքներով և պարտականություններով։ Գործակալության անկախությունը նշանակում է անկախություն՝ որոշումներ կայացնելիս և Գործակալության բյուջեն ձևավորելիս։

Գործակալության իրավական կարգավիճակը սահմանվում է «Բանկային ավանդների (դեպոզիտների) պաշտպանության մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք)։

Գործակալության հիմնական խնդիրն է Ղրղզստանի Հանրապետությունում ավանդների պաշտպանության համակարգի գործունեության ապահովումը։ Այս խնդրի կատարման համար Գործակալությունը կառավարում է Ավանդների պաշտպանության հիմնադրամի ակտիվները, երաշխավորման դեպք առաջանալիս ավանդատուներին վճարում է ավանդների և դրանց գծով տոկոսների գումարները։

Գործակալությունն իր խնդիրների իրականացման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները․

  1. վարում է մասնակից բանկերի, մասնակից միկրոֆինանսական ընկերությունների և մասնակից բնակարանային-խնայողական վարկային ընկերությունների ռեեստրները,
  2. իրականացնում է ավանդատուների պահանջների, վճարման ենթակա գումարների և ավանդների գծով վճարված գումարների հաշվառում,
  3. Օրենքի համաձայն վճարում է ավանդատուներին սահմանված գումարը,
  4. հաշվարկում է վճարների չափը և հավաքագրում վճարները Ավանդների պաշտպանության հիմնադրամ,
  5. իրականացնում է անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված վճարների ժամանակին և ամբողջական վճարման ապահովմանը,
  6. սահմանում և կիրառում է տուգանքներ և տույժեր՝ վճարների ուշացման համար,
  7. կառավարում է Ավանդների պաշտպանության հիմնադրամի ակտիվները՝ Օրենքով սահմանված կարգով և սահմաններում,
  8. համագործակցում է պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ,
  9. իրականացնում է գործակալ բանկի ընտրություն՝ ավանդների գծով հատուցումներն ապահովելու նպատակով,
  10. Օրենքին համապատասխան ապահովում է հատուցված գումարների վերադարձը ավանդների պաշտպանության հիմնադրամին՝ լուծարվող բանկերից, միկրոֆինանսական ընկերություններից և բնակարանային-խնայողական վարկային ընկերություններից,,
  11. իրականացնում է միջոցառումներ՝ ավանդների պաշտպանության համակարգի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ,
  12. իրականացնում է այլ գործառույթներ, լիազորություններ և իրավունքներ, որոնք անհրաժեշտ են ավանդների պարտադիր պաշտպանության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար, որոնք նախատեսված են Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործունեության մասին կանոնակարգով։ ։

Գործակալությունը կառավարում է Ավանդների պաշտպանության հիմնադրամի ակտիվները, որոնք ձևավորվում են Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի (Կառավարության) նախնական վճարի, ավանդների պաշտպանության համակարգի մասնակիցների կանոնավոր վճարների, Գործակալության կողմից ստացված տոկոսային և ներդրումային եկամտի հաշվին։

«Բանկային ավանդների (դեպոզիտների) պաշտպանության մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ավանդների պաշտպանության համակարգին մասնակցությունը պարտադիր է բոլոր ռեզիդենտ բանկերի, Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա բանկերի բոլոր մասնաճյուղերի, ինչպես նաև միկրոֆինանսական ընկերությունների և բնակարանային-խնայողական վարկային ընկերությունների համար, որոնք ունեն Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի համապատասխան լիցենզիա՝ ավանդներ ընդունելու համար։