«Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիա (Ռուսաստանի Դաշնություն)
«Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիան ստեղծվել է 2004 թվականի հունվարին՝ «Ռուսաստանի Դաշնության բանկերում ավանդների ապահովագրության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 177-ФЗ դաշնային օրենքի հիման վրա՝ ավանդների ապահովագրման համակարգի գործունեությունն ապահովելու համար։
Ավանդների ապահովագրություն
Գործակալության գլխավոր գործառույթը ապահովագրական դեպք առաջանալիս ավանդների ապահովագրման համակարգի մասնակից բանկերում ավանդների հատուցման ապահովումն է։
Ավանդների ապահովագրման համակարգին մասնակցությունը պարտադիր է ֆիզիկական անձանցից ավանդներ ներգրավելու լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար։
Ռուսաստանում ավանդների պարտադիր ապահովագրման համակարգի հիմնական նպատակներն են՝
- Ռուսաստանի Դաշնության բանկերի ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
- Ռուսաստանի Դաշնության բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը և Ռուսաստանի Դաշնության բանկային համակարգ դրամական միջոցների ներգրավման խթանումը։
Կենսաթոշակային կուտակումների երաշխավորում
Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև կենսաթոշակային կուտակումների երաշխավորման համակարգ՝ մասնակիցներից վճարների գանձնման մեխանիզմի կիրառմամբ, որը նման է ավանդների ապահովագրման համակարգին։
Ապահովագրված անձանց իրավունքների երաշխավորման համակարգը (ԱԱԻԵՀ) պաշտպանում է պարտադիր կենսաթոշակային կուտակումները Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամում (պետական կենսաթոշակային հիմնադրամ) և ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներում։ Երաշխավորված վճարումների աղբյուրը կենսաթոշակային կուտակումների երաշխավորման հիմնադրամն է (ԿԿԵՀ)։
Մասնակիցների իրավունքների երաշխավորման համակարգը (ՄԻԵՀ) պաշտպանում է ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներում կամավոր կուտակումները։ Երաշխավորման դեպք առաջանալիս քաղաքացիներին կենսաթոշակային պահուստների երաշխավորման հիմնադրամից (ԿՊԵՀ) կվերադարձվեն կամավոր վճարները՝ հաշվի առած ներդրումային եկամուտը։
Սնանկության կանխարգելում
«Անվճարունակության (սնանկության) մասին» 2002 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 127-ФЗ դաշնային օրենքի համաձայն՝ Գործակալությունն իրականացնում է ԱԱՀ մասնակից հանդիսացող բանկերի սնանկության կանխարգելման միջոցառումներ։ Օրենքի համաձայն՝ բանկերի սնանկության կանխարգելման միջոցառումները կարող են իրականացվել Գործակալության կողմից հետևյալ եղանակներով՝
- ֆինանսական օգնության տրամադրում ներդրողներին, որոնք ձեռք են բերում բանկի բաժնետոմսեր (կանոնադրական կապիտալում բաժնեմասեր)՝ բաժնետիրական ընկերության կազմակերպա-իրավական ձև ունեցող բանկի սովորական բաժնետոմսերի առնվազն 75 տոկոսի չափով (կանոնադրական կապիտալում բաժնեմասեր, որոնք ներկայացնում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպա-իրավական ձև ունեցող բանկի մասնակիցների ընդհանուր ձայների առնվազն երեք քառորդը),
- բանկի բաժնետոմսերի (կանոնադրական կապիտալում բաժնեմասերի) ձեռքբերում՝ բաժնետիրական ընկերության կազմակերպա-իրավական ձև ունեցող բանկի սովորական բաժնետոմսերի առնվազն 75 տոկոսի չափով (կանոնադրական կապիտալում բաժնեմասեր, որոնք ներկայացնում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով բանկի մասնակիցների ընդհանուր ձայների առնվազն երեք քառորդը),
- ֆինանսական օգնության տրամադրում բանկին՝ պայմանով, որ Գործակալությունը և (կամ) ներդրողը տվյալ բանկից ձեռք են բերել նրա բաժնետոմսերը (բաժնեմասերը)՝ սահմանված չափով։
Լուծարում և սնանկության վարույթ
«Բանկերի և բանկային գործունեության մասին» 1990 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 395-1 և «Անվճարունակության (սնանկության) մասին» 2002 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 127-ФЗ դաշնային օրենքների համաձայն՝ Գործակալությունը կառավարում է վարկային կազմակերպությունների սնանկության (լուծարման) ընթացակարգերը։
Արբիտրաժային դատարանը Գործակալությանը նշանակում է սնանկության կառավարիչ (լուծարող) հետևյալ դեպքերում․
- եթե վարկային կազմակերպությունն ունեցել է Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից տրված ֆիզիկական անձանցից դրամական միջոցներ ներգրավելու լիցենզիա,
- բացակայող վարկային կազմակերպություն-պարտապանների սնանկության դեպքում,
- սնանկության կառավարիչ-ֆիզիկական անձի լիազորությունների դադարեցման դեպքում։
Գործակալությունը զբաղվում է այնպիսի խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են պարտատերերի պահանջների հաստատումը և կարգավորումը, լուծարային միջոցների գույքագրումը, լուծարվող վարկային կազմակերպության գույքի պահպանման ապահովումը, պարտատերերի հետ հաշվարկների կատարումը, սնանկության հանգամանքների բացահայտումը։
Գործակալությունն իրականացնում է սնանկության կառավարչի (լուծարողի) լիազորությունները իր ներկայացուցիչների միջոցով, որոնք գործում են լիազորագրի հիման վրա՝ Գործակալության հանձնարարականներին համապատասխան՝ լուծարվող վարկային կազմակերպության անունից։
Բացի այդ, Գործակալությունն իրականացնում է սնանկության կառավարչի լիազորությունները՝ լուծարվող ապահովագրական կազմակերպություններում և ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել Գործակալության կայքում