Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի II եռամսյակի կարևոր իրադարձությունների ակնարկ
2026 թվականի II եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության, ինչպես նաև բանկային շուկայի գործունեության ոլորտում տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները.
1. «ԱԱԳ» ՊԿ-ն կապահովի քաղաքացիների ավանդների պաշտպանությունը բնակարանային խնայողությունների պայմանագրերով
Ռուսաստանի Դաշնությունում 2027 թ. հունվարի 1-ից ներդրվում է ֆիզիկական անձանց համար ավանդի նոր տեսակ՝ բնակարանային խնայողությունների պայմանագիր, որով սահմանված է ապահովագրական հատուցման առանձին սահմանաչափ՝ 10 մլն ռուբլի մեկ բնակարանային խնայողությունների վարկային կազմակերպությունում մեկ ավանդատուի համար:
2. «ԱԱԳ» ՊԿ կայքում հայտնվել է էլեկտրոնային ծառայություն արբիտրաժային կառավարիչների համար
«ԱԱԳ» ՊԿ-ն իր կայքում գործարկել է ծառայություն՝ ավանդների ապահովագրման համակարգում չներառված լուծարվող վարկային կազմակերպությունների առանձին հատուկ հաշիվ բացելու համար՝ տվյալ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով:
3. «ԱԱԳ» ՊԿ ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Ինդոնեզիայի ավանդների ապահովագրման կորպորացիայի (IDIC) գործընկերների հետ
2026 թ. ապրիլի 28-29-ը Ինդոնեզիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են ավանդների ապահովագրման ազգային համակարգերի կառավարման արդիական հարցեր. «ԱԱԳ» ՊԿ ներկայացուցիչները կիսվել են լուծարվող վարկային կազմակերպությունների ավանդատուներին առցանց վճարումների իրականացման փորձով, ծանոթացել IDIC-ի՝ որպես իսլամական ֆինանսական ապրանքների ապահովագրողի և անվճարունակ բանկերի կարգավորման մարմնի պրակտիկային ու զարգացման ծրագրերին:
4. Ռուսաստանի, Ուզբեկստանի և Բելառուսի ավանդների ապահովագրողները կիսվել են խնայողությունների երաշխավորման ազգային համակարգերի զարգացման փորձով
Եվրասիական տարածաշրջանի ավանդների ապահովագրման կազմակերպությունների ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 14-16-ը Սամարղանդում (Ուզբեկստանի Հանրապետություն) կայացած սեմինարի ընթացքում պատմել են իրենց երկրներում ապահովագրական վճարների կազմակերպման և թվայնացման պրակտիկայի, ավանդների ապահովագրման համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև քննարկել են ֆինանսական կազմակերպությունների լուծարային ընթացակարգերի արդյունավետության հարցերը:
5. Ապահովագրական պատահար. 2026 թ. ապրիլի 10-ին «ՌՄՊ Բանկ» (ԲԸ)-ի լիցենզիան հետ է կանչվել
«ԱԱԳ» ՊԿ-ի վրա են դրվել ժամանակավոր վարչակազմի գործառույթները: Ըստ 2026 թ. մարտի 1-ի դրությամբ բանկի հաշվետվության տվյալների՝ «ՌՄՊ Բանկ» (ԲԸ)-ում ավանդների գծով ապահովագրական պատասխանատվությունը նախնական գնահատվում է 120,9 մլն ռուբլի:
6. Ռուսաստանի բանկը երկու անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը
2026 թ. II եռամսյակի ընթացքում Ռուսաստանի բանկը երկու անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ 75 բ.կ.-ով՝ համապատասխանաբար հասցնելով տարեկան 14,50%-ի և 14,25%-ի:
7. Ռուսաստանի բանկը, շուկայի հետ քննարկումներից և ներքին թեստավորումից հետո, հանրային խորհրդակցությունների համար հրապարակել է «Բանկերի տնտեսական վիճակի գնահատման ճշգրտված մոտեցում» զեկույցը
Նոր մոտեցման մեջ ճշգրտվել է բանկի վերջնական դասակարգման խմբի որոշման տրամաբանությունը և կրճատվել է ցուցանիշների քանակը: Հիմնական փոփոխությունների թվում են՝ բարդ միավորային-կշռային համակարգից հրաժարումը՝ հօգուտ կապիտալի վրա ռիսկերի համախառն ազդեցության գնահատման, ինչպես նաև տնտեսական վիճակի գնահատման հաշվարկը համախմբված (կոնսոլիդացված) մակարդակում: Նման մոտեցման արդյունքում մեթոդաբանությունը դարձել է ավելի ճշգրիտ, իսկ դրա արդյունքներն այժմ ավելի հեշտ է մեկնաբանել:
Նախատեսվում է, որ նոր մոտեցումը կսկսի կիրառվել 2029 թվականից:
8. Ռուսաստանի բանկը հրապարակել է 2025 թվականին «Ռուսաստանի Դաշնության բնակչության վերաբերմունքը վճարային տարբեր միջոցների նկատմամբ» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները
2025 թվականին ռուսաստանցիներն ավելի հաճախ են օգտագործել կանխիկ դրամը ինչպես առօրյա հաշվարկներում, այնպես էլ խնայողությունների համար: Ընդ որում, անկանխիկ վճարումները շարունակել են աճել: «Թվային» միջոցների կողմնակիցները ընտրել են իրենց համար հարմար ծառայություններ. առաջվա պես ամենապահանջվածը մնացել է դեբետային քարտը, ավելացել է Արագ վճարումների համակարգի (QR-կոդով) միջոցով վճարողների թիվը, իսկ հանրաճանաչությամբ երրորդ տեղում են բջջային և օնլայն բանկերը:
9. Ռուսաստանի բանկը հրապարակել է վճարային ծառայություններից քաղաքացիների և բիզնեսի բավարարվածության մակարդակի գնահատման և ազգային վճարային համակարգի թվայնացման ինդեքսի հաշվարկի արդյունքները
Բավարարվածության մակարդակի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիներն ընդհանուր առմամբ գոհ են ժամանակակից վճարային ծառայություններից և գործիքներից: Նրանք բարձր են գնահատում վճարման և փոխանցումների արագ ու անխափան եղանակները, որոնք պահանջում են նվազագույն քանակությամբ գործողություններ, սակայն միևնույն ժամանակ ոչ բավարար հարմարավետ են համարում կոմունալ, կրթական և պետական ծառայությունների վճարման համակարգը (քարտով վճարելիս անհրաժեշտ է մուտքագրել դրա լրիվ վավերապայմանները, գործարքը հաստատել կոդով):
Ռուսաստանի բանկն առաջին անգամ սկսել է հաշվարկել «թվայնացման ինդեքսը»՝ վճարային շուկայի զարգացման համալիր ցուցանիշը, որը հաշվի է առնում 15 բաղադրիչ, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներթափանցման աստիճանը և դրանց ներդրման նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունը, վճարային ծառայությունների տեսականին և դրանց հասանելիությունը բնակչության համար, ենթակառուցվածքի անվտանգությունը և անխափանությունը:
Բավարարվածության մակարդակի գնահատման արդյունքները
Թվայնացման ինդեքսի հաշվարկի արդյունքները
10. Ռուսաստանի բանկը հրապարակել է Ստորադաս գործիքների կարգավորման բարեփոխման հայեցակարգը
Նորամուծությունները կոչված են բարձրացնելու բանկերի՝ սթրեսային իրավիճակներում կապիտալի համարժեքությունն ինքնուրույն վերականգնելու կարողությունը, ինչպես նաև էապես ընդլայնելու ստորադաս պարտքի ներգրավման նրանց հնարավորությունները՝ դրա ներդրումային գրավչության բարձրացման հաշվին:
Ստորադաս գործիքների կարգավորման բարեփոխման հայեցակարգ
11. Ռուսաստանի բանկը դիտարկում է թվային ռուբլու ենթակառուցվածքում առանձին բաղադրիչի՝ առևտրային սմարթ-պայմանագրերի հարթակի (ԱՍՊՀ) ստեղծման հնարավորությունը
Ռուսաստանի բանկը հրապարակել է Առևտրային սմարթ-պայմանագրերի հարթակի հայեցակարգը, որը թույլ կտա ոչ միայն Ռուսաստանի բանկին, այլև շուկայի այլ մասնակիցներին ինքնուրույն մշակել նման պայմանագրերի սցենարներ, իսկ քաղաքացիներն ու ընկերությունները, կախված իրենց խնդիրներից, կկարողանան ընտրել առավել հարմար առաջարկները: Ենթադրվում է, որ առաջին փուլում հարթակի օպերատորը կդառնա Ռուսաստանի բանկը:
Հայեցակարգում արտացոլված են նաև ԱՍՊՀ-ի տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումները:
Առևտրային սմարթ-պայմանագրերի հարթակի հայեցակարգ
12. Ռուսաստանի բանկը հրապարակել է մեթոդական հանձնարարականներ, որոնք կօգնեն ֆինանսական կազմակերպություններին ապահովել տեղեկատվական անվտանգությունն արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ
Սա կարգավորողի առաջին փաստաթուղթն է, որում համակարգված են ԱԲ կիրառման ռիսկերը, նկարագրված են ԱԲ համակարգերի վրա չարագործների հնարավոր հարձակումների մարտավարությունները և տրված են պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանձնարարականներ: Փաստաթղթի բաժիններից մեկը վերաբերում է տեղեկատվական անվտանգությանը՝ ծառայություններ մատուցողների կողմից տրամադրվող ԱԲ-ծառայությունների օգտագործման ժամանակ:
Ռուսաստանի բանկը նաև հանձնարարում է շուկայի մասնակիցներին մշակել սպառնալիքների սեփական մոդելները և տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը ԱԲ-ի հետ աշխատանքի համար:
13. Ռուսաստանի բանկն առաջարկում է ավելացնել բանկերի կապիտալի նվազագույն չափին ներկայացվող պահանջները
Ռուսաստանի բանկի կայքում հրապարակվել է «Բանկերի կապիտալի նվազագույն չափի ավելացում. զեկույց հանրային խորհրդակցությունների համար» նյութը, որի համաձայն առաջարկվում է ունիվերսալ լիցենզիա ունեցող բանկերի կապիտալի նվազագույն չափին ներկայացվող պահանջներն ավելացնել 1 մլրդ-ից մինչև 3 մլրդ ռուբլի, իսկ բազային լիցենզիա ունեցող բանկերինը՝ 0,3 մլրդ-ից մինչև 1 մլրդ ռուբլի:
14. Ռուսաստանի բանկը հրապարակել է ֆինանսական շուկայում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ զեկույցի հանրային քննարկման արդյունքների մասին հաշվետվությունը
Ֆինանսական շուկայում ԱԲ-ի զարգացման հիմնական ուղղությունները կդառնան մեղմ կարգավորումը և տվյալների փոխանակման վստահելի հարթակների ստեղծումը: Շուկայի մասնակիցները գտնում են, որ ԱԲ-ի զարգացման համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային լուծումների հասանելիություն, ԱԲ մոդելների ուսուցման համար որակյալ տվյալների առկայություն, տեխնոլոգիայի նկատմամբ վստահություն և բարենպաստ կարգավորող պայմանների ստեղծում:
Ռուսաստանի բանկը կշարունակի հավատարիմ մնալ տեխնոլոգիապես չեզոք մոտեցմանը, որը շուկայի մասնակիցներին թույլ է տալիս ներդնել նորարարություններ և զարգացնել ԱԲ-ն: Բացի այդ, կարգավորողը կարևոր է համարում պահպանել ԱԲ կիրառման միջոլորտային կարգավորման շրջանակային բնույթը: Դա թույլ կտա հաշվի առնել տարբեր ոլորտների առանձնահատկությունները, դրանցում ԱԲ ներդրման ընթացիկ մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար յուրահատուկ ռիսկերը:
Շուկան արդեն հետևում է Արհեստական բանականության ոլորտի էթիկայի կանոնագրքի հանձնարարականներին: Այս տարի Ռուսաստանի բանկը ֆինանսական կազմակերպությունների հետ միասին նախատեսում է պատրաստել դրա պահպանման լավագույն փորձի ժողովածու:
Շուկայի մասնակիցները պաշտպանել են տվյալների փոխանակման վստահելի հարթակներ ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի բանկի առաջարկները: Ենթադրվում է, որ դրանք ֆինանսական կազմակերպություններին թույլ կտան համատեղ ուսուցանել ԱԲ մոդելները՝ զեղծարարությանը հակազդելու, ռիսկերը գնահատելու և հաճախորդների ծառայությունները կատարելագործելու համար:
Ռուսաստանի բանկը առաջարկություններ կպատրաստի նման հարթակների գործունեության կարգավորման վերաբերյալ: Կարգավորողը նաև աշխատանքներ կտանի ֆինանսական շուկայում տվյալների գաղտնիության բարձրացման տեխնոլոգիաների օգտագործման խոչընդոտների վերացման ուղղությամբ:
Զեկույցի հանրային քննարկման արդյունքների մասին հաշվետվություն
Ֆինանսական շուկայում արհեստական բանականության մշակման և կիրառման ոլորտի էթիկայի կանոնագիրք