ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրողները ստորագրել են համագործակցության հուշագիր – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրողները ստորագրել են համագործակցության հուշագիր

11.12.2025 ժամը 21:39

ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունները 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրեցին նոր Համագործակցության հուշագիր: Նախորդ համաձայնագիրը, որը կնքվել էր 2019 թվականին, գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Փաստաթուղթը թույլ կտա ամրագրել կատարված աշխատանքի արդյունքները, սահմանել համագործակցության նոր ուղղություններ և ստեղծել իրավական ու կազմակերպչական հիմք՝ հետագա փոխգործակցության համար:

Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության ավանդների երաշխավորման գործակալության մասնակցությամբ:

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, Բելառուսի Հանրապետության «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալություն» պետական հաստատության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սվետլանա Լեգան, «Ղազախստանի դեպոզիտների երաշխավորման հիմնադրամ» բաժնետիրական ընկերության նախագահ Ադիլ Ուտեմբաևը, Ղրղզստանի Հանրապետության Դեպոզիտների պաշտպանության գործակալության գործադիր տնօրեն Կադիրբեկ Բուկուևը և Ռուսաստանի Դաշնության Ավանդների ապահովագրման գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարիա Ֆիլատովան: