Ալմաթիում 2024 թվականի հոկտեմբերի 23-ին կայացել են Միջազգային համաժողով և Ղեկավարների խորհրդի նիստ
Ղազախստանի Հանրապետության ավանդների երաշխավորման համակարգի 25-ամյակին նվիրված միջազգային միջոցառումների շրջանակներում, 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Միջազգային համաժողով և ԵԱՏՄ երկրների ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նիստ։
Միջոցառումների կազմակերպիչն էր Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը (ՂԱԵՀ)։
Միջազգային համաժողովի մասնակիցները քննարկել են ֆինանսական անվտանգության կայուն ճարտարապետության ձևավորման գործում ավանդներ ապահովագրողների դերը, ինչպես նաև ավանդներ ապահովագրողների ակտիվների կառավարումը։
Ղեկավարների խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ղեկավարները տեղեկատվություն են փոխանակել բանկային ոլորտում և ապահովագրման (երաշխավորման) համակարգերում տիրող իրավիճակի մասին, քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, ինչպես նաև 2025 թվականին առկա և հեռակա միջոցառումների անցկացման ծրագրերը։ Միջոցառումներին մասնակցել են ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունները և Ուզբեկստանի Հանրապետության ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունը, ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական ոլորտի կարգավորման մարմինների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։