«ՂԱԵՀ» ԲԸ-ի (Ղազախստանի Հանրապետություն) ակտիվների մի մասը մասնավոր կառավարիչ ընկերություններին հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

«ՂԱԵՀ» ԲԸ-ի (Ղազախստանի Հանրապետություն) ակտիվների մի մասը մասնավոր կառավարիչ ընկերություններին հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին

05.07.2024 ժամը 19:51

Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկը (այսուհետ՝ ՂՀ ԱԲ) տեղեկացնում է «Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամ» ԲԸ-ի (այսուհետ՝ ՂԱԵՀ) ակտիվները մասնավոր կառավարիչ ընկերություններին հավատարմագրային կառավարման փոխանցելու գործընթացի մեկնարկի մասին։ Միջոցների փոխանցումն իրականացվում է ՂՀ ԱԲ-ի՝ արժեթղթերի շուկայի զարգացման և դուստր կազմակերպությունների ակտիվների կառավարումից աստիճանական հրաժարման ռազմավարության շրջանակներում։

Ալմաթիում կայացել է մի քանի կառավարիչ ընկերությունների ներկայացուցիչների հետ համապատասխան համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Համաձայնագրի ստորագրման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ՂԱԵՀ նախագահ Ադիլ Ուտեմբաևը պատմել է փոխանցվող ակտիվների պահպանվածությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին։

«Մենք գնահատել ենք ռիսկերը և մշակել ենք ներդրումային քաղաքականություն մասնավոր ընկերությունների համար, որի համաձայն ներդրումները կիրականացվեն միայն հուսալի ֆինանսական գործիքներում, ինչպիսիք են Ղազախստանի Հանրապետության պետական արժեթղթերը, քվազիպետական հատվածի սուբյեկտների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների մինչև երեք տարի մարման ժամկետով պարտատոմսերը, ինչպես նաև հակադարձ ՌԵՊՈ գործառնությունները։ Մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը կբարձրացնի ակտիվների եկամտաբերությունը։ Ցանկանում եմ նշել, որ Հիմնադրամի գլխավոր խնդիրը հատուկ պահուստի միջոցների պահպանումն է և դրանց բարձր իրացվելիության ապահովումը»։

ՂԱԵՀ նախագահ, Ադիլ Ուտեմբաև

Նրա խոսքով՝ կառավարիչների առջև դրված է սահմանված էտալոնային պորտֆելի (բենչմարկի) եկամտաբերության ցուցանիշը գերազանցելու նպատակ։ Ռիսկեր առաջանալու դեպքում պայմանագրով ՂԱԵՀ-ի համար նախատեսված է դրա միակողմանի լուծման հնարավորություն։ Ակտիվները մասնավոր կառավարիչներին փոխանցելիս ռիսկերը նաև  կհասցվեն նվազագույնի՝ կաստոդիանների կողմից լրացուցիչ վերահսկողության իրականացման հաշվին, որոնք ապահովում են ակտիվների հաշվառումն ու պահպանումը, ինչպես նաև մասնավոր կառավարիչների կողմից ներդրումային քաղաքականության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

Իր հերթին, ՂՀ ԱԲ մոնետար գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Նուռժան Տուրսունխանովը նշել է, որ ՂՀ ԱԲ նախաձեռնությամբ Ղազախստանի ֆոնդային բորսայի հարթակում մշակվել և գործարկվել է պետական արժեթղթերի ինդեքս՝ ՂԱԵՀ-ի ակտիվների ինդեքսային կառավարման նպատակով։

«Մենք մեծ աշխատանք ենք կատարել ՂԱԵՀ-ի և Ղազախստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և այսօր, առանց չափազանցության, մենք գտնվում ենք պատմական պահի շեմին։ Առաջին անգամ Ղազախստանում խոշոր ինստիտուցիոնալ ներդրողի՝ ի դեմս ՂԱԵՀ-ի, ակտիվների նկատմամբ կկիրառվի միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ինդեքսային մոտեցումը, բայց հենց տեղական բենչմարկի հիման վրա, որը ներդրվել է Ղազախստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Ակտիվների փոխանցումը զգալի խթան կհաղորդի արժեթղթերի ազգային շուկային, կնպաստի մասնավոր կառավարիչ ընկերությունների շուկայի զարգացմանը՝ կառավարման տակ գտնվող ակտիվների ծավալի ավելացման հնարավորության հաշվին, ինչպես նաև փոխանցված ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ կառավարիչների միջև մրցակցության ուժեղացման հաշվին»։

ՂՀ ԱԲ մոնետար գործառնությունների դեպարտամենտի տնօրեն, Նուռժան Տուրսունխանով

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ՂԱԵՀ-ի հատուկ պահուստի ակտիվների չափը կազմում է 1,3 տրլն տենգե։ Նախնական փուլում կփոխանցվի 200 մլրդ տենգե։ Ակտիվների հետագա փոխանցումը կիրականացվի փուլային կերպով՝ կախված մասնավոր կառավարիչ ընկերությունների արդյունավետության ցուցանիշներից։