Մինսկում 2024 թ. մայիսի 22-23-ը տեղի է ունեցել օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստ – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Մինսկում 2024 թ. մայիսի 22-23-ը տեղի է ունեցել օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստ

24.05.2024 ժամը 14:17

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տարածքում բանկային ավանդների ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի գործունեության շրջանակներում 2024 թ. մայիսի 22-23-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների նիստ, որի կազմակերպիչն էր Բելառուսի Հանրապետության «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված հատուցման գործակալություն» պետական հիմնարկը։ Նիստին մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ավանդների ապահովագրման կազմակերպությունների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվեցին անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցեր բանկային ավանդների ապահովագրման (երաշխավորման) ոլորտում, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը։ Մասնավորապես, քննարկվեցին հետևյալ թեմաները՝ ավանդներ ապահովագրողների կառավարման մարմինները, ապահովագրության օբյեկտները և սուբյեկտները, ապահովագրական հատուցման չափը և ավանդի արժույթով վճարումների իրականացումը, ավանդներ ապահովագրողի պահանջի իրավունքը լուծարվող բանկի նկատմամբ (միջոցների բռնագանձում), բանկի սնանկությանը մեղսակից անձանց պատասխանատվության ենթարկելը և այդ գործընթացում ավանդներ ապահովագրողի դերը։

Նիստն անցկացվել է առկա ձևաչափով, ինչպես նաև մասնակիցների առցանց միացմամբ։