Ինչպե՞ս է տեղի ունենում հատուցումը Ղազախստանի Հանրապետությունում բանկին լիցենզիայից զրկելու դեպքում – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ինչպե՞ս է տեղի ունենում հատուցումը Ղազախստանի Հանրապետությունում բանկին լիցենզիայից զրկելու դեպքում

26.04.2024 ժամը 13:03

Իր խնայողությունները բանկում տեղաբաշխելով՝ ավանդատուն հաճախ իրեն այնպիսի հարցեր է տալիս, ինչպիսիք են՝ «Իսկ եթե հանկարծ ինչ-որ բան պատահի, և բանկին զրկեն լիցենզիայից», «Եթե այն սնանկանա, ո՞վ և ինչպե՞ս կվերադարձնի իմ գումարը»։ Բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ուստի կարևոր է հիշել, որ այսօր Ղազախստանում գործում է ավանդների պաշտպանության համակարգ, որն ապահովում է խնայողությունների վերադարձը բանկում ապահովագրականդեպքի (լիցենզիայից զրկվելու) դեպքում։ Այս գործընթացը կարգավորում է Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը (ՂԱԵՀ)։

ՂԱԵՀ-ն երաշխավորում է ղազախական բոլոր բանկերում տեղաբաշխված միջոցները, որոնք ներառում են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի ավանդները։ Բացառություն են կազմում իսլամական բանկերում ներդրված միջոցները։ Եթե կարգավորող մարմինը հետ կանչի բանկի լիցենզիան, ապա ՂԱԵՀ-ն ավանդատուներին վերադարձնում է ավանդների, հաշիվների, վճարային քարտերի  գումարները՝ երաշխավորված հատուցման առավելագույն գումարի սահմաններում։

  • տենգեով խնայողական ավանդների դեպքում՝ 20 մլն տենգե,
  • տենգեով քարտերի, հաշիվների և այլ ավանդների դեպքում՝ 10 մլն տենգե,
  • արտարժույթով քարտերի, հաշիվների և ավանդների դեպքում՝ 5 մլն տենգե։

Այն դեպքում, երբ մեկ բանկում տեղաբաշխված են մի քանի տարբեր տեսակի և արժույթի ավանդներ, ապահովագրական  դեպքում երաշխավորվում է բոլոր ավանդների ընդհանուր մնացորդը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ավանդի տեսակի համար սահմանված սահմանաչափերը։ Նման դեպքում երաշխավորված գումարի վճարման չափը չի գերազանցում հատուցման առավելագույն գումարը՝ 20 մլն տենգե։

Սահմանված առավելագույն երաշխիքային գումարները նպաստում են ավանդների երաշխավորման համակարգի մասնակից բանկերում ֆիզիկական անձանց հաշիվների 99,8%-ի լիարժեք պաշտպանության ապահովմանը։

Այսպիսով, ինչպե՞ս է իրականացվելու երաշխավորված գումարների հատուցումը, եթե բանկին զրկեն լիցենզիայից.

  • Հատուցման դիմումների ընդունումը սկսվում է ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում։ ՂԱԵՀ-ն բանկի լիցենզիայից զրկվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում պարտադիր կերպով հանրապետական տպագիր մամուլի, իր պաշտոնական կայքի և ԶԼՄ-ների միջոցով տեղեկացնում է բնակչությանը վճարումների մեկնարկի ամսաթվի մասին՝ նշելով վճարումն իրականացնող գործակալ բանկերին, ինչպես նաև վճարման ժամանակահատվածն ու վայրերը,
  • Վճարման դիմումներն ընդունվում են մեկ տարվա ընթացքում։ Եթե ավանդատուները չեն դիմել հատուցման համար, ապա նրանց կողմից չպահանջված գումարները կփոխանցվեն նրանց անհատական հաշիվներին Միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամում (ՄԿԿՀ)։ Այստեղ հարկ է ընդգծել, որ չնայած դրան՝ ավանդատուներն իրավունք ունեն վճարման դիմում ներկայացնել, եթե վճարումների սահմանված ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով։

Այսօրվա դրությամբ ՂԱԵՀ-ի կողմից երաշխավորված են՝

  • խնայողական, ժամկետային և անժամկետ ավանդները (համաձայն ՂԱԵՀ դասակարգման),
  • ցպահանջ ավանդները,
  • պայմանական ավանդները,
  • բնակարանաշինական խնայողությունների համակարգի ավանդները,
  • պետության պարգևավճարով AQYL կրթական ավանդները,
  • ընթացիկ հաշիվների և վճարային քարտերի վրա առկա դրամական միջոցները,
  • ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսագումարը։

Միաժամանակ, պաշտպանության ենթակա չեն՝

  • ֆիզիկական անձանց մետաղական հաշիվները,
  • բանկային պահատուփերում տեղաբաշխված դրամական միջոցներն ու արժեքավոր իրերը,
  • ավանդային սերտիֆիկատները,
  • իրավաբանական անձանց ավանդները,
  • իսլամական բանկերում, այդ թվում՝ Ղազախստանի տարածքում բացված օտարերկրյա իսլամական բանկերի մասնաճյուղերում տեղաբաշխված ավանդները։

Հարկ է ընդգծել, որ բանկերում սեփական խնայողությունները պաշտպանելու համար առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա։ Դրամական միջոցները ՂԱԵՀ-ի պաշտպանության տակ են անցնում ավտոմատ կերպով՝ հաշիվը (ավանդը) բացելու պահից։

«Կցանկանայի նաև նշել, որ 2023 թվականի երկրորդ կիսամյակից ղազախստանցիները կարող են տեսնել իրենց հաշվի (ավանդի) հիմնական պայմանները մինչև բանկային պայմանագրի կնքումը։ Դրանց թվում են երաշխավորված հատուցման առավելագույն գումարը կոնկրետ բանկային պրոդուկտի համար, դրա տեսակը, արժույթը և միջոցները հետ վերցնելու պայմանները։ Նման տեղեկատվությունը բանկերի կողմից արտացոլվում է առանձին փաստաթղթում, որը ստորագրվում է հաճախորդի կողմից բանկային հաշվի (ավանդի) պայմանագիր կնքելիս՝ անկախ հաճախորդի դիմելու եղանակից (առցանց՝ բանկի բջջային հավելվածի/կայքի միջոցով, գրավոր՝ բանկի մասնաճյուղերում)։ Մեր նախաձեռնած նորամուծություններն ուղղված են հաճախորդների կողմից ավանդի ընտրության գիտակցված մոտեցմանը և դրա երաշխավորման պայմանների ընկալմանը, ինչը նրանց թույլ կտա նախապես գնահատել իրենց ռիսկերը և ճիշտ որոշումներ կայացնել»։

ՂԱԵՀ նախագահ, Ադիլ Ուտեմբաև

Հիշեցնում ենք, որ 2024 թվականի օգոստոսից՝ ի հարմարություն ավանդատուների, պայմանագիրը ստորագրելիս բանկերը պարտավոր կլինեն հաճախորդներին տեղեկացնել բանկային հաշվի կամ ավանդի հիմնական պայմանների մասին՝ աղյուսակային և ընկալման համար հարմար ձևով։

Ավանդների երաշխավորման, դիմումի ներկայացման եղանակների և անհրաժեշտ փաստաթղթերի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է Հիմնադրամի կայքում։