ԵԱՏՄ ավանդների ապահովագրողների միջազգային միջոցառումները Ղրղզստանի Հանրապետությունում
Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ Կուլ լճում, 2026 թ. օգոստոսի 12-13-ին տեղի են ունեցել միջազգային միջոցառումներ ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների ապահովագրողների համար: Միջազգային միջոցառումները ներառել են ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ Ղեկավարների խորհուրդ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդակցական կոմիտեին առընթեր Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) և Ղեկավարների խորհրդին առընթեր ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների ապահովագրողների թվայնացման ոլորտում փոխգործակցության աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) նիստերը:
Ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՏՄ երկրների և Ուզբեկստանի Հանրապետության ավանդների ապահովագրողների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել բանկային հատվածում և ավանդների ապահովագրման համակարգերում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև 2026-2027 թվականներին համատեղ գործնական սեմինարների կազմակերպման և անցկացման ծրագրերի վերաբերյալ:
Փորձագիտական խմբի նիստում ավանդների ապահովագրողների ներկայացուցիչները կրկին քննարկել են «Հարկային քաղաքականությունն ավանդների ապահովագրման կազմակերպությունների նկատմամբ» պարամետրով փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև դիտարկել են փորձագիտական եզրակացությունների վերանայումները հետևյալ պարամետրերով.
- «Բանկի անվճարունակությունը և այն սնանկ ճանաչելու հիմքերը»,
- «Ժամանակավոր վարչակազմի նշանակումը»,
- «Բանկի սնանկությանն առնչություն ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելը և ավանդների ապահովագրողի դերն այդ գործընթացում»:
Աշխատանքային խմբի նիստի ընթացքում մասնակիցները կիսվել են ՏՏ ոլորտում կադրային դեֆիցիտի հաղթահարման փորձով, ինչպես նաև կլոր սեղանի ձևաչափով քննարկել են ավանդների ապահովագրողների աշխատանքում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման հեռանկարները:
Միջազգային միջոցառումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ավանդների ապահովագրողների և ազգային բանկերի, Ուզբեկստանի Հանրապետության Ավանդների երաշխավորման գործակալության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: