Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ավանդների պաշտպանության մասին – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ավանդների պաշտպանության մասին

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Օրենքի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը, բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահությանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը։

Օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը Օրենքով սահմանված չափով երաշխավորելու հետ կապված հարաբերությունները։

Օրենքով սահմանված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործառույթները, լիազորությունները, կառուցվածքը և կառավարման սկզբունքները։

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Օրենքը հոդված է պարունակում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վարկեր տրամադրելու մասին։

Եթե հատուցման դեպքի պահին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը և/կամ վճարունակությունը) կարող է վտանգվել, Կենտրոնական բանկը կարող է իր Խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում, բյուջետային երաշխիքի տրամադրման դեպքում, բյուջետային երաշխիքով ապահովված վարկեր տրամադրել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին, որը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածով։

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների անվճարունակության, սնանկության հասկացությունները և հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անվճարունակության և սնանկության գործի վարույթի առանձնահատկությունները, նշված սուբյեկտներին անվճարունակ և սնանկ ճանաչելու հիմքերն ու կարգը, ֆինանսական առողջացման  եղանակները։ Նշված օրենքը սահմանում է նաև բանկերի ավանդատուների, պարտատերերի, ժամանակավոր ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի, ինչպես նաև անվճարունակության և սնանկության հետ կապված այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։

Օրենքը կարգավորում է երաշխավորված գումարը հատուցելուց հետո Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պահանջի իրավունքը։ Այսպիսով, Հիմնադրամը լուծարվող բանկի նկատմամբ ձեռք է բերում պահանջի իրավունք՝ փաստացի հատուցված գումարի չափով այն հերթում (հերթերում), որում տվյալ ավանդատուն (պարտատերը) իրավունք կունենար ստանալու իր ավանդը (հաշվի մնացորդը)։

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն ազատվում է շահութահարկի վճարումից հետևյալ եկամուտների մասով․

  1. առևտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարվող պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների գծով,
  2. Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցվող և բանկերի նկատմամբ ձեռք բերվող պահանջի հիման վրա բանկերից ստացվող գումարների գծով,
  3. հետևյալ ակտիվներում ներդրումներից ստացված եկամուտների գծով․
  • Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,
  • որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերում,
  • ստանդարտացված ձուլակտորներով ոսկու մեջ,
  • բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,
  • բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում,
  • Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում։

«Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

Օրենքը կարգավորում է ավանդներ ներգրավելիս բանկերի կողմից տեղեկատվության բացահայտումը, նման տեղեկատվության տրամադրման կարգն ու պայմանները, ավանդային պայմանագրերի հրապարակման պայմանները, ավանդների  տոկոսների հաշվարկման կարգը, ինչպես նաև ավանդատուների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող այլ իրավահարաբերություններ։

Օրենքը դրույթ է պարունակում այն մասին, որ եթե Հայաստանի տարածքում ավանդների ներգրավման վերաբերյալ բանկի կողմից որևէ գովազդում, հայտարարության, առաջարկության կամ օֆերտայի մեջ, ինչպես նաև ավանդային պայմանագրերի ստորագրման կամ հաշիվների բացման ժամանակ նշվում է, որ ավանդների հատուցումը երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ապա այն պետք է շարադրված լինի հայերեն, հասկանալի և առանց որևէ խճճված կամ մոլորեցնող ձևակերպումների, պարունակի տեղեկատվություն երաշխավորված ավանդի գումարի մասին՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Միևնույն ժամանակ, այլ լեզուների օգտագործումը չի արգելվում։