Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունն ավանդների պաշտպանության մասին – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունն ավանդների պաշտպանության մասին

2003 թվականի դեկտեմբերի 23-ի N 177-ФЗ «Ռուսաստանի Դաշնության բանկերում ավանդների ապահովագրության մասին» դաշնային օրենքը

Օրենքը կարգավորում է ավանդների ապահովագրման համակարգի ստեղծման և գործունեության, ավանդների պարտադիր ապահովագրության հիմնադրամի ձևավորման և օգտագործման, ապահովագրական դեպքերում ավանդների գծով հատուցումների վճարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ավանդների ապահովագրման համակարգի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները և այդ ոլորտում առաջացող այլ հարաբերություններ։

Օրենքով կանոնակարգվում է «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիայի գործունեությունը, նրա նպատակները, գործառույթներն ու լիազորությունները, ինչպես նաև համագործակցությունը ավանդատուների, ավանդների ապահովագրման համակարգի մասնակից բանկերի, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի և պետական իշխանության մարմինների հետ։

2002 թվականի հոկտեմբերի 26-ի N 127-ФЗ «Անվճարունակության (սնանկության) մասին» դաշնային օրենքը

Օրենքի IX գլխի 4.1-րդ պարբերությունը պարզաբանում է վարկային կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները՝ որպես պարտապան-իրավաբանական անձանց առանձին կատեգորիա։ Օրենքով կանոնակարգված են վարկային կազմակերպությունների սնանկության կանխարգելման միջոցառումները, այդ թվում՝ դրանցում Ավանդների ապահովագրման գործակալության մասնակցությունը՝ ժամանակավոր ադմինիստրացիայի կազմում։ Բացի այդ, օրենքը կարգավորում է Գործակալության գործունեությունը՝ որպես լուծարային կառավարչի ՝ բանկերի, ապահովագրական կազմակերպությունների և ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասով։ Գործակալությունն իրականացնում է լուծարային կառավարչի լիազորությունները՝ իր կողմից իր աշխատակիցների թվից նշանակված ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով, որը գործում է լիազորագրի հիման վրա։

1990 թվականի դեկտեմբերի 2-ի N 395-1 «Բանկերի և բանկային գործունեության մասին» դաշնային օրենքը

Հիմնական օրենքն է, որը կարգավորում է բանկերի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում, սահմանում է բանկերի գրանցման և լիցենզավորման կարգը, վարկային կազմակերպությունների լուծարման և վերակազմակերպման կարգը։ Օրենքը կանոնակարգում է վարկային կազմակերպությունների գործունեության պահանջներն ու ստանդարտները, որոնց պահպանումն անհրաժեշտ է բանկային համակարգի կայունությունն ապահովելու, ավանդատուների և այլ պարտատերերի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

VI գլխի առանձին դրույթներ նվիրված են բանկերում ավանդների պարտադիր ապահովագրման համակարգին։ Սահմանված է, որ ավանդներն ընդունվում են միայն այն բանկերի կողմից, որոնք անդամակցում են ավանդների պարտադիր ապահովագրման համակարգին և հաշվառված են Ավանդների ապահովագրման գործակալությունում։

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը պարտադիր և կամավոր կենսաթոշակային կուտակումների պաշտպանության մասին

2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 422-ФЗ «Կենսաթոշակային կուտակումների միջոցների ձևավորման և ներդրման, կենսաթոշակային կուտակումների միջոցների հաշվին վճարումների սահմանման և իրականացման դեպքում Ռուսաստանի Դաշնության պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց իրավունքների երաշխավորման մասին» դաշնային օրենքը

Օրենքը կանոնակարգում է իրավական, ֆինանսական և կազմակերպական բնույթի փոխկապակցված միջոցառումները, որոնք ուղղված են պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ծրագրի շրջանակներում ապահովագրված անձանց կենսաթոշակային կուտակումների պակասող միջոցների լրացման և (կամ) հատուցման ապահովմանը։

2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 555-ФЗ «Ոչ պետական կենսաթոշակային ապահովության և երկարաժամկետ խնայողությունների ձևավորման գործունեության շրջանակներում ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցների իրավունքների երաշխավորման մասին» դաշնային օրենքը

Օրենքը կանոնակարգում է իրավական, ֆինանսական և կազմակերպական բնույթի փոխկապակցված միջոցառումները , որոնք ուղղված են կամավոր կենսաթոշակային ապահովագրության շրջանակներում ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցների, մասնակիցների իրավահաջորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։