Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամ
Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը (ՂԱԵՀ) ստեղծվել է 1999 թվականի նոյեմբերի 15-ին՝ երկրում ֆինանսական կայունության պահպանման, երկրորդ մակարդակի բանկերի ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով։ Հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է։ Նրա միակ բաժնետերը Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկն է։
ՂԱԵՀ-ի հիմնական խնդիրները․
- մասնակցություն ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը,
- ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն՝ ավանդների պարտադիր երաշխավորման համակարգի մասնակից բանկին բոլոր բանկային գործառնությունների իրականացման լիցենզիայից զրկելու դեպքում։
ՂԱԵՀ-ի հիմնական գործառույթները․
- հատուցում է ավանդատուների ավանդները բանկին բոլոր բանկային գործառնությունների իրականացման լիցենզիայից զրկելու դեպքում,
- օրենքով նախատեսված դեպքում մասնակցում է բանկի ակտիվների և պարտավորությունների միաժամանակյա փոխանցման գործողության իրականացմանը մեկ այլ (այլ) բանկի (բանկերին),
- ձևավորում է հատուկ պահուստ,
- ներդնում է ակտիվները,
- վարում է ավանդների պարտադիր երաշխավորման համակարգի մասնակից բանկերի ռեեստրը,
- սահմանում է գործակալ բանկերին ներկայացվող պահանջները,
- հաստատում է երաշխավորված ավանդների հատուցման իրականացման համար գործակալ բանկերի նախնական ցանկը,
- ներգրավվում է ավանդների պարտադիր երաշխավորման համակարգի մասնակից բանկի կոնսերվացման ժամանակահատվածում նշանակվող ժամանակավոր ադմինիստրացիայի կազմում,
- ներգրավվում է բանկին բանկային բոլոր գործառնությունների իրականացման լիցենզիայից զրկելու ժամանակահատվածում նշանակվող ժամանակավոր ադմինիստրացիայի կազմում,
- մասնակցում է լուծարվող մասնակից բանկի (Ղազախստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկի՝ գործունեությունը դադարեցնող մասնաճյուղի) լուծարային հանձնաժողովի կազմում՝ մինչև լուծարային հանձնաժողովի կողմից ՂԱԵՀ-ի նկատմամբ իր կողմից վճարված (վճարվող) երաշխավորված գումարի չափով պարտքի մարման պահը,
- մասնակցում է լուծարվող մասնակից բանկի (Ղազախստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ բանկի՝ գործունեությունը հարկադիր դադարեցնող մասնաճյուղի) պարտատերերի կոմիտեի կազմում՝ մինչև լուծարային հանձնաժողովի կողմից ՂԱԵՀ-ի նկատմամբ իր կողմից վճարված (վճարվող) երաշխավորված գումարի չափով պարտքի մարման պահը։
Ղազախստանում ավանդների երաշխավորման համակարգի մասնակիցները
Ներկայումս ավանդների երաշխավորման համակարգին անդամակցում են ղազախական երկրորդ մակարդակի բոլոր բանկերը, բացառությամբ իսլամականների։ Բանկը դառնում է ԱԵՀանդամ՝ Հիմնադրամի կողմից ԱԵՀ անդամակցող բանկերի ռեեստրում գրանցման օրվանից, և համապատասխանաբար, բանկային հաշիվներում տեղաբաշխված ազգային արժույթով և արտարժույթով ֆիզիկական անձ-ավանդատուների և անհատ ձեռնարկատերերի միջոցները դառնում են ՂԱԵՀ երաշխավորման օբյեկտ։
Երաշխավորման օբյեկտներ են հանդիսանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի ազգային արժույթով և արտարժույթով միջոցները, որոնք գտնվում են ավանդների պարտադիր երաշխավորման համակարգի մասնակից բանկերի այդ թվում՝ Ղազախստանի տարածքում բացված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաշիվներում և հաստատված են բանկային հաշվի և (կամ) ավանդի պայմանագրերով։
ՂԱԵՀ երաշխիքը տարածվում է՝
- ավանդների (դեպոզիտների), այդ թվում՝ ցպահանջ և պայմանական,
- ավանդների (դեպոզիտների) գծով տոկոսագումարների (պարգևավճարների) վրա, որոնք հաշվեգրվել են մասնակից բանկին բանկային բոլոր գործառնությունների իրականացման լիցենզիայից զրկելու ամսաթվի դրությամբ,
- ընթացիկ հաշիվների և վճարային քարտերի դրամական միջոցների վրա։
Համակարգի մասնակից բանկին բանկային բոլոր գործառնությունների իրականացման լիցենզիայից զրկելու դեպքում բանկային հաշվի, քարտի և (կամ) ավանդի սեփականատերն իրավունք ունի ստանալ հատուցում ազգային արժույթով՝ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա առավելագույն գումարի սահմաններում։
Երաշխիքի առավելագույն գումարը կազմում է՝
- 20 միլիոն տենգե՝ ազգային արժույթով խնայողական ավանդների (դեպոզիտների) գծով,
- 10 միլիոն տենգե՝ ազգային արժույթով քարտերի, հաշիվների և այլ ավանդների գծով,
- 5 միլիոն տենգե՝ արտարժույթով քարտերի, հաշիվների և ավանդների գծով (մասնակից բանկին լիցենզիայից զրկելու ամսաթվի դրությամբ սահմանված արժույթի փոխանակման փոխարժեքին համարժեք)։
Եթե մեկ մասնակից բանկում տեղաբաշխված է մի քանի ավանդ, որոնք տարբերվում են տեսակով և արժույթով, ապա երաշխավորվում է բոլոր ավանդների գծով գումարի ընդհանուր մնացորդը, բայց ոչ ավելի, քան երաշխիքային հատուցման առավելագույն գումարը՝ 20 միլիոն տենգե,՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տեսակի ավանդի գծով սահմանաչափերը։